Ամեն անգամ, երբ ԱՄՆ նոր վարչակարգը սկսում է աշխատանքը, նոր նախագահի ընտրությանը կասկածներ են հայտնվում՝ The Washington Post-ում գրում է Պոլ ՈՒոլդմանը: Բայց այս անգամ մենք ականատեսն ենք արտառոց ընտրության: Դոնալդ Թրամփի կաբինետը իր հետ բերում է էթնիկ խնդիրների, անփորձության, գերատեսչությունների խնդիրների նկատմամբ անթաքույց հակակրանքի կոկտեյլ, նաև բանալ, պարզապես աննախադեպ անտեղյակություն: Ոչ քիչ, ոչ շատ այս կաբինետը կարող է դառնալ վատագույնը ԱՄՆ պատմության մեջ: Միայն մեկ կոլորիտային օրինակ՝ The New York Times-ը էներգետիկայի ենթադրյալ նախարար Ռիկ Փերիի մասին գրում է, որ էներգետիկայի նախարար Էռնեստ Մոնիցը հայտնի ատոմային ֆիզիկոս է՝ գիտական հաստատությունների կառավարման բազմամյա փորձով, իսկ Փերին ժամանակին առաջարկում էր վերացնել էներգետիկայի նախարարությունը:
Երբ Թրամփը առաջարկել է նրան էներգետիկայի նախարարի պաշտոնը, Փերին հաճույքով համաձայնել է՝ ենթադրելով, որ ստանձնում է ԱՄՆ նավթագազային արդյունաբերության գլոբալ էմիսարի դերը, որի շահերը երկար ժամանակ պաշտպանել է իր նահանգում: Մի քանի օրից միայն Փերին պարզել է՝ եթե Սենատն իրեն հաստատի, ստիպված է լինելու կառավարել ԱՄՆ-ի ազգային անվտանգության համակարգը և հոգ տանել երկրի միջուկային զինանոցին: 2012-ին, լինելով ԱՄՆ նախագահի թեկնածու, Ռիկ Փերին առաջարկում էր փակել նախարարությունը, որի աշխատանքի մասին պատկերացում չուներ: «Երբ ինձ ծանոթացրին էներգետիկայի նախարարության բազմաթիվ կարևորագույն գործառնությունների հետ,- ասում է նա հիմա,- ես զղջում եմ, որ առաջարկում էի նախարարությունը փակել»: Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուխինը երբեք չի աշխատել կառավարական կառույցներում և փորձ չունի, թե ինչպես է ձևավորվում մակրոտնտեսական քաղաքականությունը: Մնուխինը չի տեղեկացրել Կայմանյան կղզիներում գրանցված ընկերությունում իր բաժնեմասի մասին, նաև 100 միլիոն դոլար անձնական ակտիվների: Առողջապահության նախարար Թոմ Պրայսը առողջապահությանն առնչվող ընկերությունների, որոնց գործունեության վրա ազդում են իր կազմած օրենքները, բաժնետոմսերը վաճառելու սովորություն ունի: Աշխատանքի նախարար Էնդի Պազդերը բուռն հակառակորդ է նվազագույն աշխատավարձի բարձրացման և արտաժամյա աշխատանքի վճարն ու հանգստի ընդմիջումները կանոնակարգող օրենքների: Շրջակա միջավայրի գործակալության պետ Սկոտ Պրյուիտը, կարծես, ընտրվել է, որովհետև կրքոտ դիմադրում է այն կազմակերպության առաքելությանը, որը գլխավորելու է: Օկլահոմայի գլխավոր դատախազ աշխատելու տարիներին նա քանիցս դատական վեճեր է ունեցել գործակալության հետ՝ բնապահպանական օրենքները պահպանելու նրա փորձերի պատճառով: Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը կրքոտ իսլամաֆոբ է և դավադրության խելահեղ տեսությունների կողմնակից, կառավարման համակագից ազատվել է՝ իրեն վստահված գերատեսչության վատ ղեկավարման պատճառով: Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կառավարությունում աշխատանքի կամ դիվանագիտական ծառայության ոչ մի փորձ չունի, բայց եղել է շատ երկրներում, որտեղ նավթ կա:
Իսկ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի արտաքին քաղաքական աշխատանքի փորձը ավարտվում է առևտրին առնչվող մի քանի այցերով, երբ նա Հարավային Կարոլինայի նահանգապետ էր: Դեռ երբեք ԱՄՆ որևէ նախագահ չի հավաքել նման «հավաքածու» մարդկանցից, որ չունեն անհրաժեշտ մասնագիտացում կամ խարխլել են այն գերատեսչությունների աշխատանքը, որ հիմա պիտի ղեկավարեն:
Պոլ ՈՒՈԼԴՄԱՆ, The Washington Post
Հ.Գ. Պոլ ՈՒոլդմանը չի նշում գլխավոր պատճառը՝ ԱՄՆ նախագահը քաղաքական գործիչ չէ, նա քաղաքականության մեջ սկսնակ է, որի բախտը պարզապես բերեց, նա բիզնեսմեն է, որ պետական կառավարման համակարգում չի աշխատել ու թերևս այդ պատճառով ԱՄՆ ժողովուրդը նրան ընտրեց, որպեսզի ԱՄՆ-ը դառնա «մեծ»: Իսկ գուցե ստացվի՝ ամերիկյան երազը այս անգամ էլ կարող է կատարվել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ